Հայկական ժողովրդական պարը հուլիսի 14-20-ը Շոտլանդիայի Findhorn Park-ում կայացած Հոգևոր երաժշտության, երգի և պարի միջազգային փառատոնի գլխավոր թեման էր: Փառատոնը, որն անցկացվում է արդեն 27-րդ անգամ, կարևորում է շուրջպարերի փոխակերպիչ և հոգևոր ուժը: Այն ամեն տարի հուլիսին աշխարհի տարբեր երկրներից հարյուրավոր մարդկանց է բերում Շոտլանդիա՝ պարելու:
Լոնդոնաբնակ արվեստագետ, հայկական ազգագրական և լիրիկական պարերի մենակատար, պարաստեղծ և պարուսույց Շաքե Մեջըր Չիլինգիրյանը (Shakeh Major Tchilingirian) հատուկ հրավիրված էր փառատոնին՝ որպես հիմնական ուսուցող: Շաքեի ամենօրյա աշխատանոցներին մասնակցեց ավելի քան 100 մասնակից՝ ծանոթանալով հայկական ժողովրդական ու ազգագրական պարերին: Իսկ Օքսֆորդի համալսարանից Հրաչ Չիլինգիրյանը մի շարք զեկույցներ ներկայացրեց մասնակիցներին՝ հայոց պատմության, մշակույթի, ինքնության և հայ հոգևոր երաժշտության մասին:
Կանանց ծիսական պարերի միջազգային հայտնի մասնագետ Լաուրա Շաննոնը, խոսելով Շաքե Չիլինգիրյանի կատարած աշխատանքի մասին, նշում է, որ Շաքեն սովորեցնում է հայկական պարերի սրբազան հարստությունը և նրանց անձնական փոխակերպման ունակությունը, ինչպես նաև պատմական համատեքստը: Եվ բացատրում, որ. «Հայկական պարերի օրինակները շատ հին են և ձևավորելով անգերազանցելի շարժումներ՝ շատ խորհրդանշական են և խորապես հոգևոր»:
Փառատոնին Շաքե Չիլինգիրյանն առաջին անգամ էր ներկայացնում հայկական պարը: Նրա գեղարվեստական ծրագիրն ընդգրկում էր ժողովրդական և լիրիկական պարերի միաձուլում: Շաքեի ծրագիրը հնարավորություն ընձեռեց մասնակիցներին ապրելու Հայաստանում և Սփյուռքում ապրող և ծաղկող մշակույթը: Եվ ինչպես նա նշեց. «Հոգևոր կապ ստեղծելու՝ հողի, բնության և արմատների հետ, որոնք շարունակում են ծաղկել»: Իսկ դիմելով մասնակիցներին՝ Շաքեն ընդգծեց. «Սա բացահայտման, կապի և արտացոլման յուրահատուկ ճամփորդություն է՝ պարի միջոցով»:
Լոնդոնից երաժիշտներ՝ Տիգրան Ալեքսանյանը (դուդուկ, զուռնա) և Արա Պետրոսյանը (դհոլ) ուղեկցում էին Շաքեի ներկայացրած պարերը՝ իրենց հիասքանչ կենդանի երաժշտությամբ: Findhorn-ի մշտական ուսուցիչներ, ինչպես նաև համայնքի երկարատև անդամներ՝ Բարբարա Սվետինան, Փիթեր Վալանսը, Ռորի Օ’Քոննըլը, Շիլա Փեթիտը (երգչախումբ) և Մայա Բաքլին (նվագախումբ) իրենց գիտելիքներն ու փորձը փոխանցեցին վարպետության դասերի (master class) միջոցով:
Լաուրա Շաննոնը, որը շրջագայել և խորությամբ ուսումնասիրել է հունական, հայկական, բալկանյան և գնչուական ավանդական պարերը, խոր մեդիտացիոն շուրջպարեր սովորեցրեց մասնակիցներին, որոնք ուղեկցվում էին Կոստանդիս Կուրմաիասի և Նիկոլաս Անգելոպուլոսի, իսկ երկու այլ առիթներով՝ հայ երաժիշտների կենդանի երաժշտությամբ:
Շաքե Չիլինգիրյանը, որն անցնող 25 տարիների ընթացքում իր բազմաթիվ աշխատանոցների միջոցով հայ պարարվեստի համամարդկային արժեքներն է փոխանցում օտարներին, յուրահատուկ մոտեցում ունի հայ պարարվեստի ժառանգության հանդեպ: «Իբրև ժողովրդական և ազգագրական պարերի նվիրված արվեստագետ՝ իմ հիմնական առաքելությունը հայկական հարուստ պարերը բեմից անդին՝ ժողովրդի առօրյա կյանքին կապելն է»,-ասում է Շաքեն և ավելացնում. «Մեր պարերը ժողովրդի կյանքից են բխում: Այդ ամենը նկատի ունենալով՝ հայ պարը բեմական, կատարողական ոլորտից պետք է տեղափոխենք մեր առօրյա՝ ապրելու միջոց դարձնելով ամենօրյա կյանքում: Այս իմաստով Կոմիտասի հետևյալ բնութագրումն ինձ համար ուղենիշ է. «Ամեն կյանքի մեջ պար կա: Հետևաբար, ամբողջ տիեզերքի կյանքը միթե պար չէ՞»:
Վերջին տարիներին Շաքեն հատուկ ծրագրեր է մշակել տոհմիկ և ազգագրական պարերը համայնքային առօրյա կյանքում կենսունակ պահելու համար: Տոնական, ազգային կամ տարբեր առիթներով Շաքեն հանրային շուրջպարեր է կազմակերպում հարյուրավոր մարդկանց մասնակցությամբ, ինչպես՝ դաշտահանդեսներին, Համբարձման և Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոներին և բազմաթիվ այլ առիթներով: Նույն նպատակով 2010 թվականից Շաքեն հատուկ ծրագրեր է մշակել և աշխատում է երեխաների, երիտասարդների և տարեցների հետ: