Oxford scholar Dr Hratch Tchilingirian lectures at Artsakh State University.
ԱրՊՀ-ում դասախոսությամբ հանդես է եկել Օքսֆորդի համալսարանի դասախոս, դոկտոր Հրաչ Չիլինգիրյանը
"Ոչ ֆորմալ կրթության" ծրագրի շրջանակներում, Արցախի պետական համալսարանում գիտահետազոտական աշխատանքների հիմնական սկզբունքների և խնդիրների վերաբերյալ դասախոսությամբ հանդես է եկել Օքսֆորդի համալսարանի դասախոս, դոկտոր Հրաչ Չիլինգիրյանը:
Ընտրելով գիտական հետազոտությունների հիմնախնդիրներին առնչվող թեմա՝ բանախոսը նպատակ է ունեցել գիտության ոլորտում ունեցած տարիների իր փորձառությունը կիսելու երիտասարդ հետազոտողների հետ:
Նախքան դասախոսությանն անցնելը` Արցախի պետական համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանը շնորհակալություն է հայտնել "Հելսինկյան նախաձեռնություն-92" արցախյան կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանին` ոչ ֆորմալ կրթության ծրագրին ցուցաբերած աջակցության համար և նրան շնորհել Արցախի պետական համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում:
"Երկու տարի է, ինչ Կարեն Օհանջանյանի անմիջական նախաձեռնությամբ և աջակցությամբ, հաջողությամբ գործում է ոչ ֆորմալ կրթության ծրագիրը, որի շրջանակներում Արցախի պետական համալսարանում դասախոսություններով հանդես են եկել 3 տասնյակից ավելի ՀՀ և արտասահմանյան հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ, տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ, գիտնականներ",- նշել է ռեկտորը՝ ընդգծելով ծրագրի դրական արդյունավետությունը, որի մասին բարձրաձայնում են հատկապես ուսանողները:
Կարեն Օհանջանյանն իր հերթին շնորհակալություն է հատնել Արցախի Պետական Համալսարանի Գիտական խորհրդին և հավաստիացրել, որ հետագայում ևս ապահովելու է ծրագրի շարունակականությունը՝ ընդգրկելով առավել լայն աշխարհագրություն: