Wars, military conflicts and Christians in the Middle East. Hratch Tchilingirian's lecture at YSU, 30 May 2017.
Վիճակագրական այս տվյալներն այսօր ԵՊՀ-ում ներկայացրեց Օքսֆորդի համալսարանի գիտաշխատող, սոցիոլոգ, ակտիվիստ դոկտոր Հրաչ Չիլինգիրյանը: Նա Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու «Ավրորա» մրցանակաբաշխությանը, հենց այդ միջոցառումների շրջանակում էլ հյուրընկալվել էր համալսարանում: ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում նրան ողջունեց գիտքարտուղար Մենուա Սողոմոնյանը, այնուհետև ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի վարիչ Հարություն Վերմիշյանը ներկայացրեց նրա կենսագրությունն ու գործունեությունը, ապա դոկտոր Չիլինգիրյանն անցավ իր դասախոսությանը:
Վերջին տարիներին նա աշխարհի, մասնավորապես գիտական և քաղաքական որոշումներ կայացնող հանրության ուշադրությունն է հրավիրում Մերձավոր Արևելքում քրիստոնյա համայնքների և փոքրամասնությունների վիճակի ու խնդիրների վրա: Նրա այսօրվա դասախոսությունն էլ նվիրված էր Մերձավոր Արևելքում քրիստոնյա համայնքի առջև ծառացած խնդիրներին՝ ընթացող պատերազմներ, կրոնական ծայրահեղականություն, միջհամայնքային հակամարտություններ, ցեղասպանություն, սոցիալ-տնտեսական անկում և միգրացիա:
Իր դասախոսությունը պարոն Չիլինգիրյանը սկսեց պատմական ակնարկով՝ ներկայացնելով, թե երբ է քրիստոնեությունը տարածվել Միջին Արևելքում, մասնավորապես Մերձավոր Արևելքում, թվարկեց այն երկրները, որտեղ ամենամեծն են քրիստոնեական համայնքները:
«Այս տարածաշրջանում քրիստոնեության պատմությունն ավելի հին է, քան մյուս կրոններինը: Մերձավոր Արևելքը քրիստոնեության ծննդավայրն է, դա է վկայում նաև Սուրբ գիրքը՝ իր աշխարհագրական նկարագրություններով: Նույնիսկ Արևմուտքին պետք է անընդհատ հիշեցնել, որ սկիզբը եղել է Արևելքը: Իսկ Իսլամը արաբական երկրներում՝ ներկայիս Սաուդյան Արաբիայի տարածքում, սկսեց տարածվել 7-րդ դարում»,- նշեց բանախոսը:
Քրիստոնեության տարբեր ուղղությունները ներկայացնելուց հետո պարոն Չիլինգիրյանն անցավ մեր օրերին՝ խոսելով այսօրվա կոնֆլիկտների ու ծայրահեղականության մասին՝ դրանց հիմքը, սակայն, տեսնելով շատ ավելի վաղ ժամանակներում:
«Այս ամենի հիմքը դրվել է դեռևս 100 տարի առաջ՝ սկսած Առաջին համաշխարհային պատերազմից, երբ եղան սահմանների վերաձևում, ժողովուրդների տեղահանումներ, Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների ցեղասպանություն: Ֆրանսիան և Անգլիան բաժանեցին Միջին Արևելքը՝ քարտեզների վրա գծեր քաշելով: Միջին Արևելքը պետական հեղաշրջումների ռեկորդ ունի: Քրիստոնյա համայնքներն ապրել են այդ բոլոր կոնֆլիկտները, հեղաշրջումները»,- նշեց պարոն Չիլինգիրյանը՝ թվարկելով Թուրքիայի և Եգիպտոսի հեղաշրջումները, իսրայելապաղեստինական լուծում չունեցող կոնֆլիկտը, արաբաիսրայելական պատերազմները և այլն:
Իսկ վերջին 5-6 տարիներին Մերձավոր Արևելքի գլխի պատուհաս է դարձել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը, որի հիմնական թիրախը հենց քրիստոնյաներն էին: Իսկ քրիստոնեական եկեղեցիները եթե չեն էլ ավերվել, ապա դարձել են նրանց ապաստարաններ ու իսլամական կրոնական քարոզչություն իրականացնելու վայրեր:
«Հիշենք, որ ԻՊ-ն էլ հենց այնպես այստեղ չհայտնվեց. նախադրյալներ կային: Հատկապես Եգիպտոսում, Հորդանանում բազմաթիվ ծայրահեղականներ կային, որոնք քրիստոնյաների հանդեպ ատելություն են քարոզել,- ասում է բանախոսն ու հավելում, որ միամտություն է կարծելը, թե դրանք վաղը կվերջանան,- տասնամյակներ են պետք քաղաքական համաձայնության գալու, ավերված քաղաքները վերականգնելու, մարդկանց հետ բերելու համար»:
Ամփոփելով ելույթը՝ պարոն Չիլինգիրյանը նշեց, որ Մերձավոր Արևելքի այսօրվա վիճակը նպաստում է միգրացիային, ինչին հանգեցնում է ֆիզիկական, սոցիալ-տնտեսական ու կրոնական-մշակութային անվտանգության ցածր մակարդակը: Այս ամենի արդյունքում Մերձավոր Արևելքում հայկական համայնքները 65%-ով նվազել են:
Դասախոսության ընթացքում ցուցադրվեցին նաև փոքրիկ տեսանյութեր, որոնցում երևում էր իսլամիստ ծայրահեղականների վերաբերմունքը քրիստոնյաների ու քրիստոնեական շինությունների նկատմամբ: Մեկ ժամից ավելի տևած դասախոսության վերջում նաև ակտիվ քննարկում ծավալվեց լսարանի հետ: