Conference on the Mediterranean

 «ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 28-03-2014   -   ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ

ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՈՐՈՆՈՒՄ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Մարտի 27-29-ը Բոխումի Ռուր համալսարանում գումարվող Միջերկրականի ուսումնասիրման կենտրոնի կազմակերպած չորրորդ միջազգային կոնֆերանսը կրում է «Այլոց Միջերկրականը, այլ Միջերկրական. ենթակայական ընկալում, մեկնաբանում, նկարագրում» վերնագիրը:

«Քանի որ Միջերկրականի մասին ակադեմիական, քաղաքական, հանրային քննարկումներում դեռեւս գերակայում են առաջատար պատկերները, որ ստվերում են այլ ընկալումներ, մեկնաբանություններ եւ նկարագրումներ, կոնֆերանսի սեւեռակետում կլինեն Միջերկրականի փոքրամասնություններն ու սփյուռքի համայնքները: Միջերկրականի մասին գոյություն ունեցող նույնիսկ դրական հարատեւ պատկերը, պատմությունը, որ հայտնի է «կրոնական օրրան», «քաղաքակրթության օրրան» դարձվածքներով, հաճախ է արհամարհում այն հանգամանքը, որ զանազան համայնքների համակեցությամբ տարասեռ հանրություններն են վերոնշյալ զարգացումների կրողը եղել: Արդ, կոնֆերանսը հետամուտ է վերլուծել, միեւնույն ժամանակ հարցադրումներ անել ընթացիկ քաղաքական զարգացումների վերաբերյալ», իրազեկ ենք դառնում կոնֆերանսի հրավիրատոմսից, որի դիմերեսին շատ որոշակի տրամադրություն է փոխանցում Մակար Բալաքյանի « Մեկնում դեպի Անորոշը » ստեղծագործությունը, իսկ հետագա էջերի ընթերցումից տեղեկանում ենք, որ կոնֆերանսին բանախոսելու է 28 գիտնականՙ աշխարհի տարբեր գիտական կենտրոններից: Այդ թվում նաեւՙ Փաուլ Սիլվերսթայնը (Պորտլանդ),Հրաչ Չիլինգիրյանը (Օքսֆորդ), որի ուշադրության առանցքում հայերն են «Բնիկ եւ սփյուռքացած. Միջերկրականի հայերը», Քրիստին Պլատը (Բոխում) «Ինքնության» գաղափարը Միջերկրականում» , Յուլյա Բլանդֆորդը (Ռեգենսբուրգ) «Փոխադրվող պատմություններ. Գնչուներ եւ տրանսնացիոնալ ժողովրդի բանավոր ավանդույթը», Աննա Պիոտրովսկան (Կրակով) «Ցինգարելլա կամ գնչուների ձուլումը Միջերկրականին. երաժշտական մի որոշակի ժանրի պատմություն»: Այլ բանախոսների ուշադրության առանցքում են նաեւ հրեաների, ղպտիների, իսլամադավանների վերաբերյալ վերլուծությունները:

Մարտի 28-ին ժամը 19.30-ին Բոխումի թանգարանում հրավիրված քննարկմամբ, որին մասնակից գիտնականների կողքին ներկա են լինելու նաեւ Բունդեսթագի պատգամավորներ, կավարտվի միջազգային կոնֆերանսը: Միհրան Դաբաղի ղեկավարությամբ ընթանալիք քննարկման թեման վերնագրված էՙ «Փախստականները Եվրոպայում, Եվրոպան. Միջերկրականի սահմանային հարցերըՙ որպես սահմանազատող հարցեր»:

Ռուր համալսարանում գործող երկու գիտահետազոտական հաստատություններիՙ Միջերկրականի ուսումնասիրման կենտրոնի, «Սփյուռք եւ ցեղասպանություն» ինստիտուտի համատեղ կազմակերպած կոնֆերանսի նպատակն է համախմբել միգրացիայի եւ սփյուռքի հետազոտական աշխատանքների գիտակ փորձագետներին, ինչպես նաեւ կրոնի, պատմության, քաղաքական եւ սոցիալական ուսումնասիրմամբ զբաղվող մասնագետներինՙ ցանկությամբ, որ նրանց քննական հայացքով գնահատվի Միջերկրականի անցյալն ու ներկան, հատուկ շեշտադրելով այլընտրանքային մտապատկերը:

«Ինչպես քաղաքականության, այնպես էլ դժբախտաբար գիտության ուշադրությունը կենտրոնացած է ազգային պետությանը, կոնֆերանսի գլխավոր նպատակն է ուղղել այդ վրիպումըՙ հայացքն ուղղորդել դեպի այլըՙ ազգային պետական սահմաններեն դուրս խմբերը», մեր զրույցում փոխանցում է Ռուր համալսարանի Սփյուռք եւ ցեղասպանություն գիտահետազոտական ինստիտուտի հիմնադիր տնօրեն Միհրան Դաբաղը, որ նաեւ Միջերկրականի ուսումնասիրման կենտրոնի չորս տնօրեններից մեկն է:

Գերմանիա

http://azg.am/AM/2014032816

2014-04-03
e-mail: info@hrach.info
Copyright © 2024 Hratch Tchilingirian. All rights reserved.