Հայկական Սփյուռքում ազգային ինքնությունը զուգորդված է․ Հրաչ Չիլինկիրեան․ «Ժամանակի վկան»
Իրինա Բարսեղյան-Կրպեյան, Հանրային Ռադիո, 1 Հոկտեմբերի, 2022
Օքսֆորդի համալսարանի դասախոս, Հայկական սփյուռքի հարցախույց ծրագրի ղեկավար, սոցիոլոգիայի դոկտոր Հրաչ Չիլինկիրեանը սեպտեմբերի 15-24-ին Հայաստանում էր։ Նա մասնակցեց նաև «Ժամանակի վկան» հաղորդաշարին՝ ներկայացնելով այցելության նպատակը և այն թեմաները, որոնց վերաբերյալ դասախոսություններով հանդես եկավ տարբեր գիտակրթական հաստատություններում։
Այս հաղորդման ընթացքում կներկայացնենք Հայկական սփյուռքի մասին հարցախույզի տվյալները և դրանց հիման վրա կատարված գիտական եզրահանգումները։
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության հայկական համայնքների բաժանմունքի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ առաջին անգամ կատարվել է սփյուռքահայ համայնքների սոցիոլոգիական ծավալուն ուսումնասիրություն։
Աշխարհագրորեն ընդարձակ ու բավականին աշխատատար ուսումնասիրության հաջողությունը մեծապես պայմանավորված էր հստակ ծրագրի, կազմակերպիչների ու իրականացնողների կազմակերպչական մանրակրկիտ համագործակցված աշխատանքով։ Քառամյա վիճակագրական հետազոտությունն իրականացվել է երեք փուլով՝ ընդգրկելով 13 հազար հայ՝ աշխարհի 10 երկրից։
Հարցախույզի հարցաշարը բաղկացած էր 50 հարցից, որոնք ընդգրկում էին հայկական սփյուռքի համար կարևոր հինգ հիմնական թեմաները։
Հետազոտության արդյունքների հիման վրա Հրաչ Չիլինկիրեանը մի շարք գիտական եզրակացությունների է հանգել։ Հարցախույզի արդյունքներով ոչ միայն հաստատվեցին նախկինում եղած սփյուռքյան կյանքի վերաբերյալ որոշ տեսակետները, այլև ի հայտ եկան նորերը։
Հետազոտության արդյունքներով hայկական սփյուռքը ներկայանում է նոր հետաքրքիր պատկերով՝ դասական սփյուռքի և Հայաստանից արտագաղթածներով համալրված նոր շերտերի ներքին հարաբերակցության, ինչպես նաև՝ Հայաստանի հետ փոխառնչությունների առումներով։
Հարցախույզի հարցերի մի ստվար մասը վերաբերում էր հայերենին` որպես հայ ինքնության բաղկացուցչի։ Հրաչ Չիլինկիրեանի կարծիքով Ձեռք բերված արդյունքները խիստ բացասական չեն։ Հարցախույզի արդյունքները փաստում են նաև 21-րդ դարում հայոց լեզուն, մշակույթը, հայկականությունը, հայկական դաստիարակությունը նորագույն ձևերով, մեթոդներով ու միջոցներով դասավանդելու, տարածելու, հանրայնացնելու անհրաժեշտության մասին։
Հարցախույզի հարցերի մի մասն էլ կրոնական ուղղվածություն ուներ՝ բացահայտելու հայկական սփյուռքում առկա կրոնական հավատալիքները, եկեղեցական կառույցների հետ առնչություններն ու սպասելիքները։
Ավարտելով Օքսֆորդի համալսարանի դասախոս, սոցիոլոգիայի դոկտոր Հրաչ Չիլինկիրեանի մասնակցությամբ հաղորդումը` հավելեմ, որ Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության հայկական համայնքների բաժանմունքի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ կատարված սփյուռքահայ համայնքների սոցիոլոգիական ուսումնասիրության տվյալներն օգտակար կլինեն ոչ միայն հայագիտական հետազոտություններ կատարելիս, այլև պետական, եկեղեցական, հասարակական շահագրգիռ կառույցների համար՝ նոր մոտեցումներով ու դիրքորոշումներով արդյունավետ ռազմավարական ծրագրեր մշակելիս։
https://soundcloud.com/armradio/01102022a-2?utm_source=hy.armradio.am&;utm_campaign=wtshare&utm_medium=widget&utm_content=https%253A%252F%252Fsoundcloud.com%252Farmradio%252F01102022a-2