«Ո՞վ է Հայը. Հայկական Սփիւռքի Հարցախոյզ»
Asbarez (5 May 2022)
ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓԻՒՌՔԻ ՀԱՐՑԱԽՈՅԶԻ ԾՐԱԳԻՐԻ ՏՆՕՐԷՆ ԴՈԿՏ․ ՀՐԱՉ ՉԻԼԻՆԿԻՐԵԱՆԻ ՀԵՏ. Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Մայիսի 6ին ԱՄՆում կը մեկնարկի բնոյթով բացառիկ հարցախոյզ, որի նպատակն է պարզել, թէ ո՞վ է 21րդ դարում Սփիւռքում ապրող հայը. Ինչպէ՞ս է սփիւռքահայն ընկալում եւ սահմանում հայկական ինքնութիւնը, եւ ո՞ր բաղադրիչներն են ձեւաւորում հայկական աշխարհը:
Ըստ ծրագրի տնօրէն դոկտոր Հրաչ Չիլինկիրեանի, «Հայկական Սփիւռքի Հարցախոյզ»ը աշխարհի տարբեր երկրների հայ համայնքների հանրային կարծիքը ուսումնասիրող գիտահետազօտական աշխատանք է:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ. - Հարցախոյզին մինչ այժմ մասնակցած սփիւռքահայերի պատասխաններից ելնելով, որո՞նք են ազգային ինքնութեան հիմնական բաղադրիչները:
ՀՐԱՉ ՉԻԼԻՆԿԻՐԵԱՆ.- Ինքնութեան հարցը հիմնականն է Սփիւռքի կեանքում, եւ մեր բոլոր հարցերը կապուած են հայ մարդու ինքնաճանաչման եւ ինքնաընկալման հետ: Եւ ուրեմն, մեր ուսումնասիրութեան առանցքում ինքնութեանն վերաբերող թեմաներն են: Մինչ այժմ իրականացուած հետազօտութեան մասնակիցներին ուղղուած գլխաւոր հարցն է, թէ ինչպէս են իրենք սահմանում ինքնութիւնը: Եւ ականատես ենք լինում մի երեւոյթի, ինչի մասին գիտէինք, սակայն հաստատւում է նաեւ տուեալներով: Խօսքն այն մասին է, որ սփիւռքեան իրականութեան մէջ ինքնութիւնը զուգորդուած ձեւով է ընկալւում: Այսինքն, կայ տուեալ երկրում ապրող մարդու ինքնութիւն, որ շաղկապուած է այդ երկրի մշակոյթի, ժողովրդի հետ, եւ զուգորդուած է հայկականութեան հետ:
Որո՞նք են հայ ինքնութեան սահմանման եւ ընկալման հիմնական գործօնները հարցին ի պատասխան առաջին երեք պատասխաններն են` ընտանիք, լեզու, մշակոյթ: Սա հետաքրքիր է այն առումով, որ համայնքային կառոյցները, պէտք է մտածեն, թէ ինչ ունենք առաջարկելու ընտանիքներին, որպէսզի հայկական ինքնութիւնը, հայ մշակոյթը, լեզուն կենսունակ պահուեն ընտանեկան շրջանակում: Իհարկէ, Սփիւռքի կեանքում, ինչպէս գիտենք, ընտանիքն է առաջին տեղում, որ երեխային կապում է իր ազգային ինքնութեան հետ, բայց կարծում եմ, որ այսօր նաեւ պահանջարկ կայ ծրագրերի եւ բազմապիսի միջոցառումների նաեւ ընտանիքների համար, եւ ոչ միայն մանուկների կամ երիտասարդների: Հիմնական հարցերից է նաեւ լեզուի խնդիրը: Մասնակիցները պատասխանել են, թէ ինչպէս են ընկալում իրենց կողմից հայերէնի օգտագործումը: Հարցուածներից եօթից տասը նշել են, որ սահուն խօսում են հայերէն: Անշուշտ, մենք չենք սահմանում, թէ սահունը ինչ է ենթադրում: Կարող է պատահել որ իրենց ընկալմամբ, եթէ տանը խօսում են, դա համարում են սահուն, կամ գիրք գրելու մակարդակն են համարում սահուն: Մենք այդ սահմանումը չենք տուել: Անշուշտ, հայոց լեզուն այսօր ունի իր խնդիրները Սփիւռքեան կեանքում, եւ պէտք է մտածենք, թէ ինչպէս կարող ենք կենսունակ պահել, ինչպիսի միջոցառումներ, վայրեր ստեղծենք` ապահովելու լեզուի լայն գործածումը: