Yerevan State University News

Wars, military conflicts and Christians in the Middle East. Hratch Tchilingirian's lecture at YSU, 30 May 2017.

 
«ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ՔՐԻՍՏՈՆՅԱ ՄԱՐԴԸ ԴԱԺԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՌՋԵՎ Է»
 
Եթե 100 տարի առաջ Մերձավոր Արևելքի քրիստոնյաները կազմում էին աշխարհի քրիստոնյաների 10%-ը, ապա այժմ այդ թիվը հասել է 3.8%-ի:
 

Վիճակագրական այս տվյալներն այսօր ԵՊՀ-ում ներկայացրեց Օքսֆորդի համալսարանի գիտաշխատող, սոցիոլոգ, ակտիվիստ դոկտոր Հրաչ Չիլինգիրյանը: Նա Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու «Ավրորա» մրցանակաբաշխությանը, հենց այդ  միջոցառումների շրջանակում էլ հյուրընկալվել էր համալսարանում: ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում նրան ողջունեց գիտքարտուղար Մենուա Սողոմոնյանը, այնուհետև ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի վարիչ Հարություն Վերմիշյանը ներկայացրեց նրա կենսագրությունն ու գործունեությունը, ապա դոկտոր Չիլինգիրյանն անցավ իր դասախոսությանը:

Վերջին տարիներին նա աշխարհի, մասնավորապես գիտական և քաղաքական որոշումներ կայացնող հանրության ուշադրությունն է հրավիրում Մերձավոր Արևելքում քրիստոնյա համայնքների և փոքրամասնությունների վիճակի ու խնդիրների վրա: Նրա այսօրվա դասախոսությունն էլ նվիրված էր Մերձավոր Արևելքում քրիստոնյա համայնքի առջև ծառացած խնդիրներին՝ ընթացող պատերազմներ, կրոնական ծայրահեղականություն, միջհամայնքային հակամարտություններ, ցեղասպանություն, սոցիալ-տնտեսական անկում և միգրացիա:

Իր դասախոսությունը պարոն Չիլինգիրյանը սկսեց պատմական ակնարկով՝ ներկայացնելով, թե երբ է քրիստոնեությունը տարածվել Միջին Արևելքում, մասնավորապես Մերձավոր Արևելքում, թվարկեց այն երկրները, որտեղ ամենամեծն են քրիստոնեական համայնքները:

«Այս տարածաշրջանում քրիստոնեության պատմությունն ավելի հին է, քան մյուս կրոններինը: Մերձավոր Արևելքը քրիստոնեության ծննդավայրն է, դա է վկայում նաև Սուրբ գիրքը՝ իր աշխարհագրական նկարագրություններով: Նույնիսկ Արևմուտքին պետք է անընդհատ հիշեցնել, որ սկիզբը եղել է Արևելքը: Իսկ Իսլամը արաբական երկրներում՝ ներկայիս Սաուդյան Արաբիայի տարածքում, սկսեց տարածվել 7-րդ դարում»,- նշեց բանախոսը:

Քրիստոնեության տարբեր ուղղությունները ներկայացնելուց հետո պարոն Չիլինգիրյանն անցավ մեր օրերին՝ խոսելով այսօրվա կոնֆլիկտների ու ծայրահեղականության մասին՝ դրանց հիմքը, սակայն, տեսնելով շատ ավելի վաղ ժամանակներում:

«Այս ամենի հիմքը դրվել է դեռևս 100 տարի առաջ՝ սկսած Առաջին համաշխարհային պատերազմից, երբ եղան սահմանների վերաձևում, ժողովուրդների տեղահանումներ, Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների ցեղասպանություն: Ֆրանսիան և Անգլիան բաժանեցին Միջին Արևելքը՝ քարտեզների վրա գծեր քաշելով: Միջին Արևելքը պետական հեղաշրջումների ռեկորդ ունի: Քրիստոնյա համայնքներն ապրել են այդ բոլոր կոնֆլիկտները, հեղաշրջումները»,- նշեց պարոն Չիլինգիրյանը՝ թվարկելով Թուրքիայի և Եգիպտոսի հեղաշրջումները, իսրայելապաղեստինական լուծում չունեցող կոնֆլիկտը, արաբաիսրայելական պատերազմները և այլն:

Իսկ վերջին 5-6 տարիներին Մերձավոր Արևելքի գլխի պատուհաս է դարձել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը, որի հիմնական թիրախը հենց քրիստոնյաներն էին: Իսկ քրիստոնեական եկեղեցիները եթե չեն էլ ավերվել, ապա դարձել են նրանց ապաստարաններ ու իսլամական կրոնական քարոզչություն իրականացնելու վայրեր:

«Հիշենք, որ ԻՊ-ն էլ հենց այնպես այստեղ չհայտնվեց. նախադրյալներ կային: Հատկապես Եգիպտոսում, Հորդանանում բազմաթիվ ծայրահեղականներ կային, որոնք քրիստոնյաների հանդեպ ատելություն են քարոզել,- ասում է բանախոսն ու հավելում, որ միամտություն է կարծելը, թե դրանք վաղը կվերջանան,- տասնամյակներ են պետք քաղաքական համաձայնության գալու, ավերված քաղաքները վերականգնելու, մարդկանց հետ բերելու համար»:

Ամփոփելով ելույթը՝ պարոն Չիլինգիրյանը նշեց, որ Մերձավոր Արևելքի այսօրվա վիճակը նպաստում է միգրացիային, ինչին հանգեցնում է ֆիզիկական, սոցիալ-տնտեսական ու կրոնական-մշակութային անվտանգության ցածր մակարդակը: Այս ամենի արդյունքում Մերձավոր Արևելքում հայկական համայնքները 65%-ով նվազել են:

Դասախոսության ընթացքում ցուցադրվեցին նաև փոքրիկ տեսանյութեր, որոնցում երևում էր իսլամիստ ծայրահեղականների վերաբերմունքը քրիստոնյաների ու քրիստոնեական շինությունների նկատմամբ:  Մեկ ժամից ավելի տևած դասախոսության վերջում նաև ակտիվ քննարկում ծավալվեց լսարանի հետ:    

2017-06-08
e-mail: info@hrach.info
Copyright © 2017 Hratch Tchilingirian. All rights reserved.