1in.am TV (Armenia, Diaspora)

1inInterview

1in.am 27 November 2016

«Սփյուռքի ազգային մտածողության թելադրողը Հայաստանը չէ. համախմբող ազգային կարգախոս է պետք»

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է Օքֆորդի համալսարանի արևելագետության ամբիոնի դասախոս, սփյուռքագետ Հրաչ Չիլինկիրյանը:

Պարոն Չիլինկիրյան, արդեն երկար տարիներ, թերևս ճգնաժամից սկսած՝ մենք խոսում ենք այն մասին, որ Հայաստանը խոր ճգնաժամի մեջ է և պատճառն ամենևին էլ տնտեսական կացությունը չէ: Ըստ Ձեզ՝ որո՞նք են Հայաստանի ճգնաժամի պատճառները, ի՞նչ անուն ունի այդ հիվանդությունը:

-Հիվանդություններ կան, որ ժամանակավոր են, բուժելի են և կան, որ անբուժելի են: 25 տարի է անցել անկախությունից ի վեր, բայց խորհրդային շրջանի որոշ «հիվանդությունները», մտածողությունը տակավին հաղթահարված և հարթված չեն: Կա այնպիսի վիճակ, որը բնորոշ է նախկին խորհրդային բոլոր երկրներին, բայց կան նաև Հայասատանին բնորոշ հատուկ խնդիրներ: Ինչպես խորհրդային շրջանում մարդիկ վստահություն չունեին պետության խոսքի նկատմամբ, այնպես էլ այժմ այդ վստահության պակասը շարունակվում է: Կարող ենք ասել, որ հասարակություն-պետություն կապի մեջ այդ ախտը՝ հիվանդությունը վստահության պակասն է: Այս հիմնական գործոնից են բխում մնացյալ խնդիրները:

-Նկատի ունեք, որ հանրությունը տեսել է խոսքի և իրական գործողությունների տարբերությունը, և հենց այդ տարբերությո՞ւնն է ծնել անվստահություն:

-Այո՛, անշուշտ: Նույնիսկ անձնական կյանքում վստահությունը շահում ենք գործով ոչ միայն խոսքով, խոսքը և գործերը պետք է համընկնեն, որպեսզի վտահություն առաջանա: Հայաստանում սա հիմնական խնդիրներից մեկն է, որի լուծումը տակավին չի գտնվել:

-Պարոն Չիլինկիրյան, մենք այս տարի այդպիսի երկու ճգնաժամ ունեցաք, դուք այդ ընթացքում Հայաստան եկաք…

-Ես կարծում եմ, որ կան խնդիրներ, որ պետք է անմիջապես լուծել և կան երկարաժամկետ խնդիրներ: Մենք ազգովի վարպետ ենք անմիջական խնդիրների լուծման և դիմակայելու հարցում, փորձում ենք լուծում գտնել, բայց երկարաժամկետ, կազմակերպված, մտածված ծրագրեր չունենք: Մենք առօրյա խնդիրների լուծմանը զուգահեռ պետք է մտածենք, թե 10-20 տարի հետո ինչ ենք ուզում անել, ուր պետք է հասնենք: Երբ որ ուզում ես ծառից պտուղ քաղել, պետք է հունտը ցանես և սպասես 5-10 տարի, որ բերք ստանաս: Մենք հիմա անմիջապես ուզում ենք այդ միրգը գնել խանութից:

-25 տարն բավարար չէ՞ր, պարոն Չիլինկիրյան, վաղուց արդեն այդ միրգը խանութում ունենալու համար:

-Գործնական կյանքի փորձը ցույց տվեց, որ բավարար չէր:

-Փորձի՞ պակասն էր խնդիրը, ըստ Ձեզ՝ ո՞րն էր պատճառը:

– Հիմա արդեն հստակ է, որ խորհրդային շրջանի մտածողությունը փոխելը շատ ավելի դժվար է, քան թե շենքերը փոխելը և նորոգելը: Մարդու մտածողությունը և հոգին փոխելու համար շատ ավելի երկար ժամանակ է պետք, սերունդների խնդիր է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

2016-12-22
e-mail: info@hrach.info
Copyright © 2017 Hratch Tchilingirian. All rights reserved.