Ճանաչված հայ գիտնական

Arevelk Aurora_lecture_Hratch_Tchilingirian


Ճանաչված հայ գիտնականը դասախոսություն կկարդա Մերձավոր Արեւելքում քրիստոնեության առջեւ ծառացած մարտահրավերների մասին
 
Arevelk.am 18 Մայիս 2017

«Ավրորա» մարդասիրական մրցանակի գրասենյակից տեղեկանում ենք, որ «Ավրորա երկխոսություններ-2017» նախագծի շրջանակներում Երեւանում բաց դասախոսություն է ունենալու ճանաչված գիտնական, Օքսֆորդի համալսարանի դասախոս Հրաչ Չիլինգիրյանը:

Դասախոսության թեման է՝ «Պատերազմները, կրոնական ծայրահեղականությունը եւ ապագայում սպասվող մարտահրավերները Մերձավոր Արեւելքում Արեւելյան Քրիստոնեության համար»: Թեմայի մասին տեղեկացնելով, գրասենյակը նշում է.

«Մերձավոր Արեւլքում արեւելյան քրիստոնեական եկեղեցիները եւ համայնքներն անհետացման եզրին են այնտեղ, որտեղ սկիզբ է առել հավատքը՝ չնայած տարածաշրջանում ունեցած խորը պատմական, աստվածաբանական, մշակութային, սոցիալական եւ կրոնական արմատներին: Հաշվի առնելով այս համայնքների հարուստ պատմությունը եւ կրոնական արմատները՝ դոկտոր Հրաչ Չիլինգիրյանը կխոսի այն կարեւոր մարտահրավերների մասին, որոնք այսօր ծառացել են քրիստոնյա համայնքի առջեւ Մերձավոր Արեւելքում՝ ընթացող պատերազմների, կրոնական ծայրահեղականության, միջհամայնքային հակամարտությունների, ցեղասպանության, սոցիալ-տնտեսական անկման եւ միգրացիայի համատեքստում»:

Դոկտոր Հրաչ Չիլինգիրյան ինտելեկտուալ ձեռնարկատեր է եւ ակտիվիստ-սոցիոլոգ: Վերջին տարիներին նա աշխարհի ուշադրությունն է հրավիրում Մերձավոր Արեւելքում քրիստոնյա համայնքների եւ փոքրամասնությունների իրադրության վրա, հատկապես՝ գիտական եւ քաղաքական որոշումներ կայացնողների շրջանակներում: Որպես մտավորական՝ նրա ուսումնասիրությունները, մտքերը եւ ծրագրերը նպատակ ունեն պատմական ինքնությունը, մշակույթը եւ լեզուն դարձնել կենդանի փորձ հատկապես սփյուռքի համար:

Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում (LSE) սոցիոլոգիայի ոլորտում ասպիրանտական ծրագիրն (PhD) ավարտելուց հետո դոկտոր Չիլինգիրյանը սկսեց դասախոսել Քեմբրիջի համալսարանի բիզնես դպրոցում եւ ստանձնեց Եվրասիական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրենի պաշտոնը (2003-2012): 2012 թվականից նա Օքսֆորդի համալսարանի Արեւելագիտության բաժնի անդամ է. զբաղվում է հայագիտական եւ մերձավորարեւելյան ուսումնասիրություններով, մասնավորապես՝ ուսումնասիրելով մշակութային ինքնության քաղաքականությունը, հայրենիք-սփյուռք կապը, կրոնի սոցիոլոգիան եւ միջէթնիկական հակամարտությունները Մերձավոր Արեւելքում եւ Եվրասիայում: Դոկտոր Չիլինգիրյանը դասախոսում է աշխարհի տարբեր համալսարաններում եւ բազմաթիվ ուսումնասիրությունների, գիտական հրապարակումների եւ հոդվածների հեղինակ է (www.hratch.info):

Դոկտոր Չիլինգիրյանը ղեկավարել է մի շարք գիտական հաստատություններ եւ բարեգործական կազմակերպություններ եւ ավելի քան երեսուն տարի ծառայել է համայնքներին՝  ԱՄՆ-ում եւ Միացյալ Թագավորությունում: Նա ներգրավված է համայնքային կյանքում եւ ակտիվորեն մասնակցում է քաղաքացիական եւ մասնագիտական նախագծերին:

Դասախոսությունը տեղի կունենա մայիսի 30-ին՝ Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում: Գրանցվելու հղումը

2017-05-22
e-mail: info@hrach.info
Copyright © 2024 Hratch Tchilingirian. All rights reserved.