ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԻՋԻՆ ԱՐԵՒԵԼՔՈՒՄ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ

Տարածաշրջանային Հակամարտությունները եւ Ապագայ Անորոշությունները

Ժամանակակից Միջին Արեւելքում Հայ Համայնքները

Նոր Յառաջ - 25.05.2013 

Վերջին տարիների ընթացքում Օքսֆորդի համալսարանի Արեւելագիտության ֆակուլտետի Հայագիտության ամբիոնը կազմակերպում է բազմաթիվ սեմինարներ եւ դասախոսություններ, որոնք նվիրված են հայ ժողովրդի պատմության եւ մշակույթի զանազան հարցերի քննարկմանն ու ուսումնասիրությանը: Այս տարի նույնպես մի շարք հանդիպումներ եւ հիշարժան իրադարձություններ տեղի ունեցան, որոնց թվում կարելի է նշել Սփյուռքում հայապահպանության հարցերին նվիրված Օքսֆորդի համալսարանի դասախոս` հասարակական գիտությունների դոկտոր Հրաչ Չիլինկիրեանի սեմինարդասախոսությունների շարքը, Գրիգոր Մագիստրոսի եւ Գրիգոր Նարեկացու գրական ժառանգության վերաբերյալ դասախոսությունները, Օքսֆորդում առաջին հայկական պատարագի մատուցումը եւ այլն:

Ուսումնական տարվա վերջին միջոցառումների շարքը բացվեց Դոկտ. Հրաչ Չիլինկիրյանի դասախոսությամբ, որի վերնագիրն էր «Տարածաշրջանային Հակամարտությունները եւ Ապագա Անորոշությունները. Սփյուռքահայ Համայնքները Ժամանակակից Միջին Արեւելքում»: Այս դասախոսությունը արծարծեց մի շարք կարեւոր հարցեր, որոնք վերաբերում էին հայկական համայնքների ներկա խնդիրներին, ինչպես նաեւ նրանց ապագային:

Դասախոսության ներածական մասում Դոկտ. Չիլինկիրյանը ներկայացրեց մի շատ հետաքրքիր քարտեզ, որը պատկերում էր հայկական մեծ համայնքային կենտրոնները Միջին Արեւելքում: Դրանց մեծ մասը հիմնվել է 1915 թ.-ին ցեղասպանությունից փրկված հայերի կողմից, սակայն նրանց թվում կան նաեւ այնպիսի համայնքներ, օրինակ` Եղուսաղեմի հայ համայնքը, որի արմատները հասնում են մ.թ. 1-ին դար: Ուշագրավ է այն փաստը, որ դրանք բոլորը գտնվում են քաղաքականապես ոչ կայուն գոտում` Սիրիայում, Լիբանանում, Իրաքում, Պաղեստինում եւ այլն, եւ շատ ու շատ մարդիկ, ինչպես օրինակ բազմաթիվ սիրիահայեր, այժմ կանգնած են լուրջ փորձությունների առջեւ, որոնք իրենց հերթին վտանգ են ծառայում հայկական համայնքների հետագա գոյատեւման համար: Տարածաշրջանը կարեւոր է նաեւ նրանով, որ այստեղ են գտնվում Հայ Առաքելական Եկեղեցու չորս պատրիարքական աթոռներից երեքը` Հայոց Մեծի Տան Կիլիկիոյ Կաթողիկոսությունը Անթիլիասում, Եղուսաղեմի եւ Կոնստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունները: Սրա հետ մեկտեղ, այստեղ են գործում Հայ Կաթողիկ Եկեղեցու Պատրիարքությունն ու Հայ Ավետարանական Եկեղեցիների միությունը:

Այս պահին հայկական համայնքներ կան Միջին Արեւելքի 10 երկրներում` Իրանում, Լիբանանում, Սիրիայում, Թուրքիայում, Եգիպտոսում, Իրաքում, Իսրայելա-Պաղեստինյան տարածքներում, Քուվեյթում, Հորդանանում եւ Միացյալ Արաբական Էմիրություններում: Դոկտ. Չիլինկիրեանի ուսումնասիրածտվյալների համաձայն, այս երկրներում ապրող հայերի թիվը` 1975 թ.-ին, կազմում էր մոտ  625 հազար մարդ, սակայն վերջին տարիներին այն զգալիորեն նվազել է` 2008 թ.-ին հասնելով մոտավորապես 320 հազարի, եւ այս տվյալները դեռ հաշվի չեն առնում վերջին տարիների բուռն իրադարձությունները Եգիպտոսում, Սիրիայում եւ Իրաքում, որոնք ստիպեցին բազմաթիվ հայ ընտանիքներին գաղթել այլ երկրներ: Իհարկե, տարածաշրջանային քաղաքական լուրջ ճգնաժամը կարծես թե հիմնական պատճառ պետք է հանդիսանա այս արտագաղթի համար, սակայն, ինչպես նշեց Դոկտ. Չիլինկիրեանը, դա պրոբլեմի միայն մեկ մասնիկն է կազմում, քանի որ զանազան ներհամայնքային, ինչպես նաեւ արտաքին խնդիրներ անմիջականորեն ազդում են այս իրավիճակի վրա:

  

ՆԵՐՔԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՒ ՀԱՐՑԵՐԸ

Ինչպես ընդգծեց Դոկտ. Չիլինկիրեանը, ներքին խնդիրները սերտորեն կապված են 3 հաստատությունների հետ, որոնք հայ համայնքների պահպանության եւ զարգացման համար կարեւորագույն դեր են խաղում: Առաջինը` դա անկասկած եկեղեցին է, որի շուրջ հիմնականում համախմբվում են համայնքները, եւ որը մի շարք երկրներում ներկայացնում է համայնքի շահերը քաղաքական եւ իրավական դաշտերում: Երկրորդ հաստատությունը` դա հայկական դպրոցն է, որն զբաղվում է երիտասարդ սերունդների դաստիարակությամբ եւ հայոց լեզվի ու մշակույթի պահպանմամբ: Եւ վերջինը` դա հայալեզու զանգվածային լրատվության միջոցներն են, որոնք իրազեկում են համայնքի ներկայացուցիչներին նրանց հուզող զանազան հարցերի շուրջ: Սակայն այս հաստատություններից յուրաքանչյուրն իր խդիրներն ունի:

Եկեղեցին փորձում է դիմակայել 21-րդ դարի հասարակական եւ քաղաքական փոփոխություններին, որոնք ավելի են սահմանափակում եկեղեցու նշանակությունը այդ ասպարեզներում, եւ ժամանակ առ ժամանակ շահերի բախումներ են տեղի ունենում կրոնական եւ աշխարհիկ հաստատտությունների միջեւ: Ամեն դեպքում, ներկայումս եկեղեցին հանդիսանում է հայկական համայնքների կորիզը Միջին Արեւելքում եւ ակտիվորեն նպաստում է մշակութային ժառանգության պահպանմանը: Կարեւոր է նաեւ նշել, որ մինչեւ այժմ կրոնը հանդիսանում է այն մասնիկը, որով հայերին տարանջատում են մնացած փոքրամասնություններից, եւ որը ընդգծում է հայերի ինքնությունը մահմեդական երկրներում:

Հայկական դպրոցների խնդիրները եւս բազմաթիվ են: Հայ բնակչության թվի նվազման արդյունքում դպրոցների թիվը նույնպես նվազել է: Կարեւորագույն հանգամանքներից մեկը այն է, որ շատ դպրոցներ դժվարանում են տալ երեխաներին բարձրակարգ գիտելիքներ, որոնցով նրանք կկարողանան ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություններ տվյալ երկրներում: Զգացվում է նաեւ մասնագետների, դասագրքերի ու համապատասխան հարմարությունների պակաս:

Հայալեզու մամուլը, որը հիմնականում ներկայացնում է հայկական քաղաքական կուսակցությունների տեսանկյունները, եւս ճգնաժամ է ապրում: Պատճառներից մեկն այն է, որ հայերեն կարդացողների, ինչպես նաեւ լրագրողների, թիվը զգալիորեն նվազել է: Տնտեսական հարցերը եւս կաեւոր են, քանզի ոչ մի պարբերական ֆինանսապես շահավետ չէ. գուցե բացառություն է կազմում Ստամբուլի «Ագոս» շաբաթաթերթը, որի ընթերցողների մեծամասնությունը թուրք մահմեդականներն են, եւ որը դիտվում է որպես Թուրքիայում դեմոկրատիա քարոզող մի մարմին:

 

ԱՐՏԱՔԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՒ ՀԱՐՑԵՐԸ

Տարածաշրջանի ընդհանուր անկայուն սոցիալ-քաղաքական եւ տնտեսական վիճակը էական պրոբլեմ է հանդիսանում հայկական համայնքների բարգավաճման համար: Տարբեր պատերազմական իրադարձությունները ստեղծում են անվտանգության լուրջ խնդիրներ եւ վտանգում են համայնքների ֆիզիկական գոյատեւումը, որի արդյունքում բազմաթիվ հայ գործարարներ ու զանազան բնագավառների մասնագետներ ստիպված են լինում լքել միջին արեւելյան երկրները: Վերջին տարիների իսլամիստական ծայրահեղականների թվի եւ ազդեցության աճը ավելի է բարդացրել այս իրավիճակը, քանի որ պետությունը դժվարանում է լիովին ապահովել քրիստոնյա բնակչության անվտանգությունը:

Ինչպես նշեց Դոկտ. Չիլինկիրեանը, առաջնային խնդիր է նաեւ այն, որ որոշ երկրներում պետությունը ուղղակիորեն ձեւավորում է հայկական դպրոցների ուսումնական ծրագրերը, որի արդյունքում հայոց լեզվի, կրոնի եւ պատմության ուսումնասիրությանը շատ քիչ ժամեր են հատկացվում:

Շատ երկրներ նույնպես սահմանափակումներ են մտցրել պետական եւ այլ կարեւոր հասարակական մարմիններում ոչ մահմեդականների մասնակցության համար: Սա ամրագրված է այդ պետությունների սահմանադրության մեջ եւ նպաստում է ազգային եւ կրոնական խտրականության տարածմանը, որի արդյունքում, փոքրամասնությունների ինտեգրացումը, որը քարոզվում է պետական մարմինների կողմից, էլ ավելի անիրատեսական է դառնում:

 

ՎԵՐՋԱԲԱՆ

Ավարտելով իր դասախոսությունը` Դոկտ. Չիլինկիրեանն արտահայտեց իր մտավախությունը, որ միջին արեւելյան երկրների հայ համայնքների ապագան մնում է շատ անորոշ եւ տագնապալի: Ներքին խնդիրները եւ արտաքին բազմաթիվ ճնշումներն ու սահմանափակումները լուրջ վտանգ են հանդիսանում հայ համայնքների գոյատեւման համար, եւ այս իրավիճակը ցեղասպանությունից մեկ դար հետո կարող է հանգեցնել տարածաշրջանում բազմադարյա արմատներ ունեցող հայ համայնքների մշակութային ժառանգության կորստին:

                                                                                                       Դավիթ Զաքարյան

2013-05-25
e-mail: info@hrach.info
Copyright © 2024 Hratch Tchilingirian. All rights reserved.